Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Համատարած անկման մղձավանջում գրավիչ են անաղարտ զգացմունքի ռոմանտիկ արտածումները

Համատարած անկման մղձավանջում գրավիչ են անաղարտ զգացմունքի ռոմանտիկ արտածումները
25.12.2015 | 00:25

Անդրադարձի առիթը «Իրատես»-ում (թիվ 76) տպագրված նրա «Բանտախցի մեկ օրը» ակնարկն է, թեև անձնապես գիտեի նրան և անգամ ներքին հակում ունեի անդրադառնալու նրա գրական ստեղծումների քննական վերլուծությանը: Սակայն միտումը անկատար մնաց հոգեբանական ժամանակի սղության պատճառով: Այժմ ահա առիթ ունեմ խոսելու ԷԴՈՒԱՐԴ ՍԱՖԱՐՅԱՆԻ «Մասունքի խորհուրդը» բանաստեղծական ժողովածուի մասին: Բայց արժե գիրքը դիտել հեղինակի կենսագրության ժամանակի բարդ անցումներում:
ՈՒշագրավ է, որ «Բանտախցի մեկ օրը» ակնարկի առաջաբանը Վանուշ Շերմազանյանը վերնագրել է «Դժոխքից արտաքսվածը», որտեղ բավականին տպավորիչ երանգներով գծագրվում են «Ընկեր Դեդայի» արկածները արցախյան ազատամարտի դաժան օրերին, նրա բացառիկ նվիրումը ազատագրված Բերդաձոր հայրենի գյուղի բարեկարգման գործին: «Գյուղը ոգևորվեց որդիների վերադարձով, ուղղեց հոգու ու ցավից կորացած ու ծերացած մեջքը և Էդուարդ Սաֆարյանին շենականները մեր ու մանուկ միաձայն գյուղապետ կարգեցին»:
Ճիշտ է, որ Սաֆարյանը «Իսկական արցախցի է (և) նրա գրականությունը վերածնված Արցախի արձակ», ճիշտ է նաև, որ «կյանքն է նրան տվել այդ արձակը, իսկ Աստված պահպանել»: Եվ սակայն գրողական նրա ձիրքը «ժառանգական» մի հետագիծ ունի, որ պայմանավորել է պոետական խառնվածքի հոգեբանական սկիզբը:
Հայրը՝ Մովսես Յախշունցը, բանաստեղծ էր և պոեզիայի արվեստին խորապես գիտակ: Եվ ինչպես վկայում են հուշագիրները, նրա հյուրընկալ օջախում հաճախ էին գրական միջավայրի այցելուները մտքեր փոխանակել գրականության, արվեստի և արցախյան հոգսերի մասին: Բերդաձորը նրա «հայրենի եզերքն» էր, նրա բնաշխարհիկ պոեզիայի հանգրվանը:
Այստեղ է, որ պատանի Էդուարդի զգացողություններում ծլարձակեց պոետական խոսքի գրավչությունը: Այսպես նա շարունակություն տվեց բերդաձորյան պոեզիայի բնաշխարհիկ ուղղությանը, գտավ մոլորակային իր գոյության սահմանը և գիտակցեց, որ «բանաստեղծությունը տիեզերական հասկացություն է», գրեթե անվերծանելի առեղծված:
Ինքնատիպ լինելու համար փորձում եմ բանաստեղծի «Մասունքների խորհուրդը» ընթերցել վերջից, «Մանրանվագների» եռատող այլաբանությունների տպավորությամբ ընկալված ասույթներից, որոնք հանելուկային լուծմունքով հաղորդում են ճանաչման հաճույքը. «Քամին քշում է գույները մայթով // Աշնան թախիծ է // Անունը տերև»: «Շունը քնել է կեսօրվա տապին // Գլուխը դրած լռության թաթին // ՈՒ ես լսում եմ անդորրը օրվա»:
Տրիոլետներում այլաբանության հանելուկային հղումներին փոխարինում է խոհական զուգորդումների տողանցում. բնությունը կարծես թելադրում է զբաղմունքի պահը և տրամադրության բեկումները: Օրերն ընթանում են առանց տևողության, անմեկին խորհուրդներ են արձագանքում գիշերը, աստղերը, արևը, լուսինը և կարոտի անուրջները սուզում Տիրոջ աղոթքի երանության մեջ:
Զգացմունքի բռնկումները ներձուլվում են լռությանը և միայնության խոհերում օրերը մերթ հուշեր են կապակցում անտես տագնապներից, մերթ մայրամուտի գորշությամբ մթագնում երազների հեռուն ու մերթ էլ իբրև «մոգական վերհուշ», ձուլվում կարոտի հեռուներին: Աղոթքի պես մաքուր է սերը, կա կարոտի բերկրանքը, վայելքի քաղցրությունը, բայց և հեռացումի ու մոռացումի անվերադարձ թախիծը, «Դու վաղուց մոռացել ես քո խոստումը // Մոռացել ու թողել ես անհույս // Իմ սրտում դեռ ապրում է սպասումը // Դու վաղուց մոռացել ես քո խոստումը //: «Անզուսպ է սրտիս ջերմեռանդ հորդումը // Որ հոգուս համար և լույս է, և հույս // Դու վաղուց մոռացել ես քո խոստումը // Մոռացել ու թողել ես անհույս»:
Ես փորձեցի ներկայացնել տրամադրությունների և հոգեկան զեղումների հոսքը Էդ. Սաֆարյանի «Տրիոլետներում» հուշելու համար «Մասունքների խորհրդի» խոհափիլիսոփայական արտածումները «Հայտնության հոգետոն» շարքի բանաստեղծություններում:
Անհայտներ չկան Սաֆարյանի բանաստեղծություններում, բնությունը, սերը, կարոտը, վերհուշը առերևույթ են, հմայիչ ու կարիք չունեն ենթաբնագրային, մետաբնագրային և այլ նշանների խորհրդավորությանը, որով այնքան բանդագուշակված են կառուցվածքային վերլուծության տեսաբանները: Բնությունը, մարդկային ներհուն ապրումները այնքան հրապուրիչ են, որ տակավին ազատ են կրկնության ձանձրույթից: Իսկ որ մեր արդի պոեզիայում նիրհում է ձանձրույթը, ակնհայտ է: Աշխարհն այժմ շատ է փոխվել, կորսվել են բարոյական արժեքները և համատարած անկման մղձավանջում գրավիչ են ներկայանում անաղարտ, մաքուր զգացմունքի ռոմանտիկ արտածումները: Այստեղ է Էդ. Սաֆարյանի պոեզիայի ոգին և ռիթմը:


Ստվերները կեղծ են ու սին,
Անիրական ու դոնդող,
Եվ իրական կյանքի մասին
Ոչինչ չասող ու անդող

Մինչ խոհերով եմ տարված,
Խղճի, սիրո ու գութի,
Ստվերները իրար խառնված
Վերածվում են սև մութի:

Ամենուրեք բնության հմայքը կա, և սակայն բանաստեղծը չի նկարում բնապատկերը, բնությունն ընկալվում է իբրև խոհ, հույսի ապաստան, նորոգող սկիզբ, որ տրամադրությունների փոփոխակի անցումներ է գունավորում:
Մերթ արձագանքում է տրտմության թախծին, մերթ խորհրդավորում մենության պահերը, մերթ թարգմանում լռության խորհուրդը: Վաղորդյան լռության մեջ «Թվում է, թե ամեն ինչից առավել // Ես իմ հոգու կրակներն եմ մեծարում // Բայց այս դաշտում մի հեքիաթ է կանգ առել // Եվ իմ արյան ուղիներն է նորոգում»:
Բանաստեղծը չի տրվում ոչ լավատեսության հավատին, ոչ էլ մռայլ հոռետեսությանը: Կյանքի ընթացքը մեկտեղում է բարին և չարը, և անիմաստ է կանխել այն, ինչ սկզբնական է: Մնում է «Ապավինել /իր/ սրտի ցավին», և բարության աղոթքով ապավինել Փրկչին:
Այսպես ավարտվում է «Հայտնության հոգետոնը» և «Մասունքների խորհրդում» տողադարձվում է «Սիրո բնաբանը»: Սիրո բնաբանը միայն սերը կարող է լինել և որքան էլ սերը անբաժանելի է մերժումի ցավից, հեռացումի ափսոսանքից և վայելքի հաճույքից կարոտի անուրջներում գրավչության կանչ ունի, «Երազ հովտի» էկզոտիկ հեռուն:


Հանգիստ, թեթև խաղաղ մի օր,
Այնպես, ինչպես ծեր հեքիաթում,
Ես արթնացա իմ հեռավոր
Երազների ծով տիրույթում:
Ես ճախրեցի ճերմակ օդում,
Ցնորքի պես անիրական,
ՈՒր սրտերից սեր է հորդում,
Որտեղ սերն է աստանդական:
Անեղծ, անզգոն, հաշտ ու խաղաղ,

Երազներիս անսանձ կամքով,
Մի ակնթարթ թեև ավաղ,
Բայց ապրեցի հրաշքն անգո:


Ամփոփելով իմ խոսքը, ասեմ, որ Էդ. Սաֆարյանի պոեզիան ներանձնական է, բնության, սիրո և մարդկային զգացողությունները պոետական ներշնչանքների իր ընկալումների արձագանքն են, անհատականության իր խոհերի բռնկումը, ուր աշխարհը ճանաչելի է, և տենդագին կարոտները` ներազդող:

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ

ass="addthis_button_twitter">

Սոցցանցային գրառումներ

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ